# 25265
II
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Ժողովուրդը կը նմանի իր երկրին,
որն իր ներքին ուժերի աշխատանքով
բարձրունքներ է կարկառում:
Մասիս թէ Մեսրոպ - հաւասարապէս
սրբազան կատարներ, որոնց տրուած է
գոյութեան բարձրունքներում պահել հայ
միտքն ու հայեացքը:

Կան դանդաղ զառամող ու մեռնող ժողովուրդներ - նրանք, որոնց անցեալ գոյութեան դպրոցը` իրենց երկրի աշխարհագրական դիրքի եւ արտաքին այլ ազդակների շնորհիւ եղել է նուազ դժուարին: Պատմութեան կողմից բարերարուածներն են դրանք` տէր միջակ մորալի, որոնք կորցրած իրենց անհատականութիւնը, շարունակում են ապրել իրենց անցեալի վարկով միայն:
Ամէն ժողովուրդ իր ուսերի վրայ է կրում իր պատմական բախտի բեռը:
Նուազ ոգելից եւ խոստումնալի է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպէս, որին պակասում է իր պատմական առաքելութեան գիտակցութիւնը:
Նմանին, զլանալով իր յարգանքը, աշխարհը ասում է` ապրելու եւ ստեղծագործելու համար նա՛խ ճանաչիր եւ ճանաչել տուր քե՛զ:

***
Փոխադարձ է ազդեցութիւնը երկրի եւ այն մշակող ժողովրդի միջեւ: Հնագոյն ժամանակներում, ինչպէս եւ քաղաքակրթութեան լուսաբացին, առաւել չափով զօրաւոր է եղել բնութեան ազդեցութիւնը մարդու վրայ:
Անհամար թելերով է կապուած իր գետերին, իր Վոլգային ռուսական հոգին:
Ծովի, ծովեզրերի ծնունդ է յոյնը:
Անապատն է կաղապարել արաբի էութիւնը: Իսկ հայ էութիւնը մշակելու գործում ազդեցութեան առիւծի բաժինը ընկել է Հայոց լեռներին:
Մասի՛սն է դայեակը հայ հոգու:

***
Ծո՛վ է ժողովուրդը: Ինչպէս հողմերից առաջացած ալիքները չեն դրսեւորում ծովի ողջ դինամիկան, նրա զօրութիւնը, այնպէս էլ ժողովուրդների առօրէական մանրագործութիւնները չեն սպառում այն ամէնը, որ տեղի է ունենում նրանց հոգու խորքում:
Կան խորքային ալեկոծութիւններ, որոնք ընդգրկում են բովանդակ ծովը:
Կան նաե՛ւ հոգեշարժեր - պատերազմ, յեղափոխութիւն, վերածնունդ, որոնց ընթացքում ժողովուրդը իւր էութիւնն ու ուժերը բացահայտում է առաւելագոյն չափով:
Այո՛, ծով է ժողովուրդը: Դա հոգու միասնութիւն է: Ով չգիտէ, ով չի զգում այդ` թող հեռու մնայ նրանից:

***
Ժողովուրդն է մեր ժամանակների աստուածութիւնը: Թէեւ նրա մասին եւ նրա անունից խօսում են իր բոլոր զաւակները, քիչերը, սակայն շատ քիչերն են էաբանօրեն ճանաչում նրան:
Ժողովրդին, ինչպէս եւ բնութեանը ճանաչել կարելի է իր ամբողջութեան եւ խորքի մէջ:
Այսպէ՛ս միայն, եւ ոչ` այլ կերպ:
Երկուսն են դէպի նրա խորք-էութիւնը տանող ճամբաները - իր պատմութիւնը եւ իր աչքերը` գերագոյն պահերում:
Առաջինը վկայում է թե ի՞նչ էր նրա անցեալում եւ ի՞նչ կարող էր մնացած լինել նրանից: Երկրորդը խօսում է այն մասին, թե ի՞նչ է նա այժմ եւ ի՞նչ կարող է դառնալ վաղը:
Ժողովրդի ա՛չքը, որի արտահայտչականութիւնը տրուած չէ մարդկային խօսքին:
Կան գերագոյն պահեր - ժողովրդի գոյութեան ու ճակատագրին սպառնացող արտաքին վտանգի ժամեր, երբ դա լայնանում է, խորանում արծուի աչքի պէս, երբ այդ վերջինը իր բնին, իր ձագերին երկարող թշնամու ձեռքը, ժանիքը, մագիլն է տեսնում:
Նման դէպքերում ժողովուրդն ամբողջապէս աչք է դառնում, որին նայելու արիութիւն չի պակասում սակաւաթիւններին միայն:
Նրա հայեացքից փախչում, թաքնւում են այն բոլորը, որոնք մինչեւ այդ կ'աղմկէին, կը խուժանավարէին հրապարակում - կրկեսայիննե՛րը, ինքնակոչները, սովորականները:
Եւ, իրենց դիրքերի վրայ` վտանգի պահուն` մնում են զօրաւորները միայն:
«Իմ զաւակը չէ նա, ով ինձ համար մեռնելու հրաման չի աղերսում ինձանից»,- անխօս ասում է հրաբխի պէս արթնացած ժողովուրդը: Եւ գործում իր ապրած դարերի իմաստութեամբ` սահմանելով եւ պարտադրելով գերպարտականութեան գործեր:
Նման վայրկյաններին նա զօրաւորների մէջ փնտրում է զօրաւորագոյնին եւ նրա ափի մէջ դնում իր ճակատագիրը:
Այսպէս է աշխարհ գալիս ճշմարիտ առաջնորդը:
Խորքի կանչին արձագանքում է խորքը - ժողովուրդ եւ առաջնորդ գտնում են իրար` միանում, ամբողջանում էութենական մի միասնութեան մէջ:
Այսպէս է ստեղծւում հաւաքական սիրտը: Նման պահերին է սրբազանում ապրումը, խօսքը, գործը:
Նման մթնոլորտում են յղացւում հերոսները եւ ծնունդ առնում գործերը հերոսական:

***
Ես տեսել եմ մեր ժողովրդին նման հոգեվիճակում. տեսել նրան` իր բիբերի մէջ, տեսել խռովքոտ տողանցն իր սերունդների, տեսել ռազմի իր սուրբերին եւ գայլերին` Վարդաններին եւ Վահաններին...
Եւ ժողովրդի հզօր շունչով օծուած` երկու անգամ անհաւասար ճակատամարտների եմ առաջնորդել նրա զաւակներին: Ղարաքիլիսէի օրհասական օրերին, երբ Սիւնիքում, ուր պանթուրքականները կը նկրտէին լեռնահայութիւնը վերածել դիակների կամուրջի` թուրք եւ թաթար հայրենիքների միջեւ:
Եւ երկու դէպքում էլ հայ մարդը կատարել է ռազմի մեծագործութիւններ, քանզի մեզ հրամայել ու վարել է աչքը ժողովրդի:

***
Ժողովուրդն աւելին է, քան իր պետութիւնը, իր իշխանութիւնը, անգամ իր կուլտուրան:
Իր ոգու յայտնութիւնը դժուարացնող բազմազան արգելքների պատճառով նրան յաջողում է իրականացնել իր կարողական ուժերի մի չնչին մասը միայն: Պետութեան - ճշմարիտ պետութեան, բանականութեան եւ մարդկայնութեան վրայ կառուցուած պետութեան դերը հէնց ակդ արգելքները աստիճանաբար վերացնելու մէջ է կայանում:
Ժողովուրդ - դա Անտէյն է առասպելական: Պարտւում է նա, հէնց որ կտրուեց հողից: Իսկ այդ վերջինը` հայրենի հողը խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլոր արժէքներն ու սրբութիւնները, որ ստեղծել է ինքը ժողովուրդը:

***
Անհատը պարտական է իր ընթացքն արդարացնել իր ժողովրդի առջեւ,
իսկ ժողովուրդը` իր պատմութեան:

***
Ժողովրդից է ամէն յաղթանակ, անկարող ղեկավարից` ամէն պարտութիւն:

***
«Ես գրում եմ մի ձեռքով, պայքարում` երկուսով»:
Այսպէ՛ս, Վիկտոր Հիւգոյի պէս վարուիր, երբ ժողովրդիդ գերագոյն բարիքներն ես պաշտպանում:
Ժողովրդի համար` զոյգ ձեռքերով - այսպէս բոլոր դեպքերում:

***
Կեանքում, խղճմտանքէս զատ ես ճանաչեցի երկու այլ դատաւորների եւս` Աստուա՛ծ եւ ժողովո՛ւրդ: Առաջինի դէմ մեղանչեցի, երկրորդի դէմ` երբէ՛ք:

постоянный адрес поста: # 25265
ответить c цитатой ответить